Հարգելի գործընկերներ
Ողջունում եմ Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության «Ֆարմա» գիտագործնական հանդեսի հրատարակման նախաձեռնությունը։ Բժշկագիտության և դեղագիտության զարգացումները պահանջում են տեղեկատվության ճշգրիտ, գիտականորեն հիմնավորված և նպատակային տրամադրում, և այդ առումով հաջողություն եմ մաղթում հանդեսի աշխատակազմին։
Ներկայում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի օրակարգում ընդգրկված են առողջապահական բնագավառի օրենսդրությունը բարելավող կարևորագույն օրենքների նախագծեր, որոնց լայն քննարկման և լուսաբանման բարենպաստ պայմանների համար անհրաժեշտ է տեղեկատվության աղբյուրների արդյունավետ օգտագործում։ Այս տեսանկյունից կարևորում եմ նաև «Ֆարմա» հանդեսի հետ համագործակցությունը։
Վերջին տարիների միտումները մեզ բոլորիս հուշում են, որ, հաշվի առնելով համակարգի պահպանողական բնույթը և բուժաշխատողների շրջանում սովորույթի ուժը, առողջապահական բնագավառի բարեփոխումները պետք է իրականացվեն խիստ հաշվարկված դրական միտումների շարունակական ապահովմամբ։ Ցանկալի է, որ հանդեսը ոչ միայն ապահովի անհրաժեշտ գիտամեթոդական տվյալների և տեղեկատվության հոսքերը, այլ ուշադրություն դարձնի մասնագիտական գործունեության առանձնահատկությունների, էթիկայի կանոնների և բժշկական ու դեղագործական կազմակերպությունների սոցիալական պատասխանատվության խնդիրներին ու դրանց շուրջ ծավալի լայն հանրային քննարկումներ։
Խնդիրները շատ են։ Նշանակում է մեծածավալ և հետաքրքիր աշխատանքի դաշտ կա, և ես հավատում եմ, որ մեր համատեղ ջանքերը հաջողությամբ կպսակվեն։